Սույն թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ հերթական նիստը, որը նվիրված էր ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդ. Աղայանի ծննդյան 110-ամյակին:
Զեկուցումները աչքի ընկան թեմատիկ բազմազանությամբ: Վ. Համբարձումյանը անդրադարձավ Էդ. Աղայանի բառարանագրական աշխատանքներին, Ն. Սիմոնյանի զեկուցումը վերաբերում էր Էդ. Աղայանի բառաքննական և ստուգաբանական հետազոտություններին, Մ. Սարգսյանը ներկայացրեց Էդ. Աղայանին` որպես հայագիտության նվիրյալներից մեկը:
Զեկուցումներում արծարծված հարցերով ամբողջացավ Էդ. Աղայան գիտնականի, լեզվաբանի, դասախոսի և կրթության կազմակերպչի կերպարը:
Ամփոփելով զեկուցման արդյունքները՝ Վ. Համբարձումյանը նշեց. «այս հանդիպումը յուրօրինակ հարգանքի տուրք էր ևս մեկ անգամ վերհիշելու, մեծարելու մեծ գիտնականին, ներկայացնելու նրա գիտական ժառանգության հիմանկան բնագավառները` ընդհանուր լեզվաբանություն, բառարանագրություն, բառաքննություն, ստուգաբանություն և այլն:
Հանդիպումը անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում, ծավալվեց բուռն քննարկում, եղան հետաքրքիր ելույթներ և դիտարկումներ: