Սույն թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ականավոր լեզվաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդ. Աթայանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով:
Բացման խոսքով հանդես եկավ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Վազգեն Համբարձումյանը` ողջունելով մասնակիցներին և մաղթելով հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ:
Գիտաժողովին մասնակցում էին հյուրեր գիտակրթական տարբեր հաստատություններից (ԲՊՀ, ՀՊՄՀ, ԵՊՀ ԻՄ, ՎՊՀ, ԳԿՄԿ), Էդ. Աթայանի աշակերտներ, ասպիրանտներ, այժմ ոլորտի հայտնի լեզվաբաներ (բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանը, բ.գ.թ., դոցենտ Հրաչյա Հակոբջանյանը): Զեկուցումներում արծարծված հարցերով ամբողջացավ Էդ. Աթայան գիտնականի, փիլիսոփայի, լեզվաբանի, դասախոսի և կրթության կազմակերպչի կերպարը:
Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ Վ. Համբարձումյանը նշեց. «գիտաժողովը յուրօրինակ հարգանքի տուրք էր ևս մեկ անգամ վերհիշելու, մեծարելու մեծ գիտնականին, ներկայացնելու նրա գիտական ժառանգության հիմանկան բնագավառները` լեզվաբանություն, նշանագիտություն, փիլիսոփայություն և այլն»:
Հանդիպումը անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում, ծավալվեց բուռն քննարկում, եղան հետաքրքիր ելույթներ և դիտարկումներ: